Սեպտեմբերի 3, 2018

Ընդհանուր դրույթներ եւ պայմաններ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

«ԱՐՄԴԱՅՎԻՆԳ ՍՈՒԶՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպության առաքելությունն է օտարերկրյա փորձի և լավագույն մասնագետների ներգրավմամբ ջրասուզումը դարձնել հետաքրքրական և պահանջված սպորտաձև: Կազմակերպության տեսլականն է՝ Հայաստանը դարձնել միջազգայնորեն ճանաչելի ու հետաքրքրական և տարաբնույթ մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման միասնական հարթակ:
Կազմակերպության հիմնական նպատակներն են՝

  • զարգացնել ջրասուզումը Հայաստանում և արտերկրում՝ բազմաբնույթ տուրիստական տուրերի, դասընթացների, կոնֆերանսների, ճանաչողական այցերի կազմակերպման և անցկացման միջոցով,
  • օժանդակել Կազմակերպության անդամների ներգրավմանը ուսուցողական, գիտահետազոտական, մշակութային և այլ ժամանցային ջրասուզումներին՝ միաժամանակ հանդես գալով նաև որպես կազմակերպիչ,
  • ներկայացնել և պաշտպանել Կազմակերպության անդամների շահերը Հայաստանում և արտերկրում,
  • աջակցել մարզիկների և մարզիչների որակավորման բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը,
  • կազմակերպել կլոր սեղաններ, սեմինարներ, կոնֆերանսներ՝ դայվինգ մարզաձևում առկա խնդիրները վերհանելու և այդ խնդիրների լուծման ուղիներ գտնելու նպատակով,
  • համագործակցել ՀՀ-ում և օտարերկյա պետություններում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ, իրականացնել կազմակերպությունների միջև փորձի փոխանակմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր և միջոցառումներ, մասնակցել թեմատիկ ցուցահանդեսներին,
  • այս հարցերի կազմակերպման և լուծման հետ կապված համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, համապատաասխան բնագավառում գործող կազմակերպությունների հետ, համակարգել կազմակերպության անդամների գործունեությունը՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման համար,
  • անցկացնել ատեստավորման դասընթացներ և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, տրամադրել հավաստագրեր, վկայականներ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

  • Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող ցանկացած ֆիզիկական անձ, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ, որի մասնակիցները ցանկանում են մասնակցել նրա գործունեությանը և ընդունում են Կազմակերպության կանոնադրությունը, առանց ազգային, սեռական, կրոնական, գաղափարական, քաղաքական և այլ հայացքների խտրականության:
    1. Կազմակերպության հիմնադիրները, որոնք կարող են լինել ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք կամ այդ երկրների գրանցում ունեցող իրավաբանական անձինք, Կազմակերպության գրանցման պահից հանդիսանում են Կազմակերպության անդամ օրենքի ուժով:
    2. Անձը, ով ցանկանում է Կազմակերպության անդամ դառնալ, պետք է ընդունված կարգով դիմում ներկայացնի Կազմակերպության խորհրդին:
    3. Անդամակցության հարցը որոշվում է խորհրդի կողմից քվեարկության միջոցով ձայների պարզ մեծամասնությամբ։
  • Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված չի, Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
    1. Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ իր ցանկությամբ:
  • Կազմակերպության անդամակցությունը դադարեցվում է`
    1. Անդամի մահվան դեպքում,
    2. Կազմակերպության անդամակցությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի Կազմակերպության խորհրդին՝ անդամակցությունը դադարեցնելուց 30 օր առաջ,
    3. Կազմակերպությունից հեռացման դեպքում:
  • Խորհուրդը կարող է որոշում ընդունել հեռացնել անդամին Կազմակերպութունից՝ հետևյալ հիմնավորումներից մեկով.
    1. Անդամավճար նախատեսված լինելու դեպքում անդամը 6 ամիս անընդմեջ չի վճարել այն (անդամավճարի վճարման կարգը, չափը և դրանից ազատման կարգը սահմանվում է Խորհրդի կողմից),
    2. Անդամը խախտել է կանոնադրությունը կամ Կազմակերպության համաժողովի որոշումները,
    3. Կազմակերպության անդամի կողմից Կազմակերպության կանոնադրությանն ու նպատակներին հակասող գործողություններ կատարելը,
    4. Անդամը մեղավոր է ճանաչվել հանցագործություն կատարելու համար:
    5. Անդամը չի մասնակցել քվեարկություններին առնվազն երկու անգամ անընդմեջ։
    6. Անդամը չի ցուցաբերում ակտիվություն ակումբի աշխատանքներում։
    7. Կազմակերպության անդամի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
  • Կազմակերպության անդամակցությունից դուրս եկած անձը Կազմակերպությունում վերաանդմագրվում է ընդհանուր հիմունքներով:
  • Կազմակերպության անդամին կարող է շնորհվել Կազմակերպության պատվավոր անդամի կոչում, եթե նա.
    1. Իր աշխատանքով կամ ունեցած մեծ վաստակով նպաստել է Կազմակերպության բարգավաճմանը:
    2. Ակնառու ներդրում է ունեցել Կազմակերպության տնտեսական, մշակութային և այլ բնագավառի զարգացման գործում:
    3. Խորհրդի որոշմամբ այլ դեպքերում:
    4. Անդամին պատվավոր անդամի կոչում շնորհում է Կազմակերպության խորհուրդը՝ քվեարկության միջոցով ձայների պարզ մեծամասնությամբ։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
    • ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման և վերահսկողություն իրականացնող մարմիններում, եթե լրացել է նրա 18 տարին,
    • Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա կառավարման մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ,
    • Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին.,
    • անարգել դուրս գալ Կազմակերպությունից,
    • մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպվող միջոցառումներին,
    • Կազմակերպության նախագահի և Խորհրդի ոչ կանոնադրական գործունեության դեմ բողոքարկել Կազմակերպության ժողովին, կամ դատարան՝ օրենքով սահմանված կարգով։
    • անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով ներկա գտնվել Ժողովին ընդ որում` Կազմակերպության յուրաքանչյուր անդամ Ժողովում ունի մեկ ձայնի իրավունք՝ Ժողովի քննարկման առարկա ցանկացած հարցի վերաբերյալ:
    • Կազմակերպության խնդիրներն ու նպատակներն իրագործելու համար օգտվել Կազմակերպության գույքից:
    • իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:
  • Կազմակերպության անդամը պարտավոր է՝
    • հոգ տանել Կազմակերպության հեղինակության բարձրացման ու դրա պահպանման մասին, մասնակցել Կազմակերպության աշխատանքներին,
    • կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, կառավարման մարմինների որոշումները,
    • Խորհրդի կողմից Կանոնակարգով սահմանված լինելու դեպքում մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար՝ նախատեսված չափով և կարգով,
    • բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականություններն ու իրեն տրված հանձնարարությունը,
    • չբացահայտել Խորհրդի կողմից ցանկով սահմանված Կազմակերպության գաղտնի տեղեկությունները:
  • Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականություններում թերացող անդամի նկատմամբ Ժողովի կամ Խորհրդի որոշմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ Կազմակերպության անդամությունից զրկում։
  • Կազմակերպության անդամությանն առնչվող այլ իրավահարաբերությունները կարգավորվում են Կանոնակարգով:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Կազմակերպության կառավարման մարմիններն են՝ Կազմակերպության անդամների ժողովը, Խորհուրդը, նախագահը և գործադիր տնօրենը:

ԺՈՂՈՎ

  • Կազմակերպության բարձրագույն մարմինը կազմակերպության անդամների ժողովն է, որն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք: Ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամ՝ Խորհրդի կողմից՝ անդամների համատեղ հավաքի ձևով, կամ, եթե դա հնարավոր չէ, հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ՝ կազմելով համապատասխան արձանագրություն: Խորհուրդը որոշում է Ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև Ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 5 օր առաջ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է Կազմակերպության անդամներին:
  • Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կեսից ավելին (քվորումն ապահովված է): Ժողովի անցկացման համար քվորումի բացակայության դեպքում հայտարարվում են նույն օրակարգով նոր ժողովի գումարման տարին, ամիսը և օրը:
  • Ժողովի աշխատանքը ղեկավարում է Ժողովի նախագահը։ Ժողովի նախագահը ընտրվում է Ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
  • Ժողովի Նախագահը պահպանում է կարգը, ապահովում է քննարկվող հարցերի վերաբերյալ Ժողովի մասնակիցների՝ կարծիք հայտնելու իրավունքը:
  • Ժողովի արդյունքում կազմվում է արձանագրություն՝ հետևյալ կարգով.
    • Ժողովի արձանագրությունը կազմվում է Ժողովի ավարտից 14 օրվա ընթացքում, որը ստորագրում են Ժողովի նախագահողը և քարտուղարը:
    • արձանագրության մեջ նշվում են Ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, Ժողովի նախագահողի և քարտուղարի անունը, ազգանունը, օրակարգը։ Արձանագրությունը պարունակում է նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց քանակը, նիստին մասնակցած անձանց քանակը, նիստի օրակարգը:
    • Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:
  • Ժողովի արձանագրությունները պահպանվում են Կազմակերպության գտնվելու վայրում։ Կազմակերպության անդամներն իրավունք ունեն ծանոթանալ արձանագրության բնօրինակին, պահանջել Կազմակերպության կողմից վավերացված արձանագրության պատճենը:
  • Կազմակերպության Ժողովը.
    • ընտրում է և (կամ) վաղաժամկետ դադարեցնում է Կազմակերպության գործադիր մարմնի՝ Նախագահի լիազորությունները՝ Կազմակերպության բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ,
    • Կազմակերպության անդամների 2/3 մեծամասնությամբ կատարում է կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ և կամ ընդունում է նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշում,
    • որոշումներ է ընդունում Կազմակերպության գործունեության կարևորագույն խնդիրների վերաբերյալ, ներառյալ` առանց սահմանափակման, Կազմակերպության կառուցվածքի հաստատումը, ռազմավարության հաստատումը:
    • որոշումներ է ընդունում այլ կազմակերպություններում Կազմակերպության մասնակցության, այլ իրավաբանական անձ և/կամ Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու, դրանց կանոնադրությունները հաստատելու վերաբերյալ,
    • երկու տարին մեկ անգամ քննարկում և հաստատում է Գործադիր մարմնի՝ Նախագահի, կողմից Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները.
    • Կազմակերպության անդամների 3/4 մեծամասնությամբ ընդունում է Կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումները,
    • դադարեցնում է Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
    • հաստատում է գույքի փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը` Կազմակերպության վերակազմակերպման դեպքում, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից,
    • որոշումներ է ընդունում Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված մարմինների կազմավորման, ընտրության (նշանակման) կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին Ժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ.
    • իրականացնում է օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
  • Կազմակերպության Ժողովի արտահերթ նիստ հրավիրվում է Կազմակերպության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի, Խորհրդի կամ Կազմակերպության գործադիր մարմնի պատճառաբանված գրավոր պահանջով: Արտահերթ նիստի հրավիրման օրը և նախնական օրակարգը Ժողովի մասնակիցներին հաղորդվում են դրա հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:
  • Ժողովի աշխատանքներին Կազմակերպության գործադիր մարմնի՝ Նախագահի համաձայնությամբ կարող են ներկա գտնվել նաև Կազմակերպության անդամ չհանդիսացող անձինք` դիտորդի կարգավիճակով:

ԽՈՐՀՈՒՐԴ

  • Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը Կազմակերպության Խորհուրդն է:
  • Խորհրդի անդամների ընտրությունը և հստակ թիվը ամրագրվում է Ժողովի որոշմամբ: Խորհուրդը գործունեություն է իրականացնում Ժողովի գործունեության միջակայքում ընկած ժամանակահատվածում: Խորհրդի անդամների հստակ թիվը սահմանվում է Ժողովի որոշմամբ: Խորհրդի անդամների թիվը կենտ է և ոչ պակաս երեքից: Խորհուրդը նախագահում է Կազմակերպության Նախագահը:
  • Խորհուրդը պաշտոնավարում է ընտրվելուց անմիջապես հետո երկու տարի ժամկետով՝ մինչ հաջորդ ընտրությունները: Պաշտոնաթող Խորհրդի անդամները կարող են նորից վերընտրվել նոր Խորհրդի կազմում:
  • Խորհրդի անդամը կարող է հրաժարական տալ ցանկացած ժամանակ՝ գրավոր ծանուցում ներկայացնելով Խորհրդին: Խորհրդի անդամը ազատվում է պաշտոնից, եթե նա ճանաչվել է անգործունակ կամ սնանկ:
  • Խորհուրդը կարող է ինքը կարգադրել իր հանդիպումների ժամկետները, դրանք կազմակերպելու անհրաժեշտ քվորումը և ընթացակարգը:
  • Խորհուրդն իր գործունեությունը իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են Կազմակերպության գործադիր մարմնի՝ Նախագահի կողմից՝ առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստ կարող է գումարվել Խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով կամ Կազմակերպության գործադիր մարմնի՝ Նախագահի կողմից: Խորհրդի որոշումները ընդունվում են քվեարկողների ձայների մեծամասնությամբ:
  • Խորհուրդը ինքն է հետևում իր հավաքների և որոշումների արարողակարգին և պատասխատու է նիստերի արձանագրությունների (առցանց) հրապարակման համար։
  • Խորհուրդը կարող է իր երկու կամ ավելի անդամներին փաստաթղթեր ստորագրելու և Խորհրդի անունից գործառույթներ իրականացնելու իրավունք ընձեռել:
  • Խորհուրդն ընտրում է Կազմակերպության քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով Խորհրդի նիստերի և Ժողովի հավաքների գումարման համար, հավաքների նախնական օրակարգի և արձանագրությունների կազմման, արձանագրությունների (առցանց) հրապարակման և գրանցումային պահեստավորման համար:
  • Խորհուրդը ղեկավարող Կազմակերպության Նախագահը կարող է ստորագրել Կազմակերպության Ժողովի և Կազմակերպության Խորհրդի արձանագրությունները։ Խորհրդի նախագահը կարող է ներկայացնել Կազմակերպությունը առանց լիազորագրի:
  • Խորհուրդը որոշումներ է կայացնում քվեարկությամբ՝ նիստին ներկա Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Կազմակերպության խորհրդում քվեարկությունը կարող է կատարվել լիազորագրով: Խորհրդի բոլոր նիստերին կարող են մասնակցել Կազմակերպության անդամները: Կազմակերպության բոլոր ընտրովի պաշտոններում ընդգրկված անձիք պաշտոնավարում են երկու տարի ժամկետով՝ մինչև հաջորդ Ժողովի օրը:
  • Խորհրդի իրավասությունների շրջանակը ընդգրկում է.
    • Ժողովի գումարումը, դրա օրակարգի և գումարման կարգի սահմանումը,
    • Ժողովին առաջարկությունների ներկայացումը՝ վերջինիս բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ,
    • Կազմակերպության ռազմավարության մշակումը և ներկայացումը Ժողովի հաստատմանը,
    • Կազմակերպության վարչակառավարչական կառուցվածքի հաստատումը,
    • Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի ընդունումը,
    • Կազմակերպության գործադիր տնօրենի նշանակումը՝ Կազմակերպության Նախագահի ներկայացմամբ, և նրա լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշման ընդունումը,
    • Կազմակերպության ընթացիկ գործունեության և միջոցների օգտագործման վերաբերյալ Նախագահի և/կամ գործադիր տնօրենի հաշվետվության հաստատումը,
    • Կազմակերպության գործունեության վերաբերյալ Ժողովին հաշվետվության ներկայացումը,
    • Կազմակերպությանը անդամների անդամագրվելու և անդամությունից զրկելու հետ կապված հարցերի որոշումը,
    • Ցանկացած այլ հարցի լուծում՝ բացառությամբ Ժողովի բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի:

ՆԱԽԱԳԱՀ

  • Կազմակերպության առաքելության և նպատակների իրականացմանն ուղղված գործունեությունը համակարգում և ղեկավարում է Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը՝ Կազմակերպության նախագահը:
  • Կազմակերպության Նախագահը ընտրվում է Ժողովի կողմից:
  • Նախագահը.
    • Միաժամանակ հանդիսանում է Կազմակերպության խորհրդի նախագահ, տնօրինում է Կազմակերպության գույքը` կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով,
    • Համակարգում և ղեկավարում է Կազմակերպության առաքելությանը և նպատակների իրականացմանն ուղղված գործունեությունը,
    • պատասխանատու է Կազմակերպության գործունեության համար, նախագահում է Ժողովի և Խորհրդի նիստերը,
    • ապահովում է Ժողովի կողմից ընդունված որոշումների իրականացումը, ստորագրում և հրապարակում է Խորհրդի որոշումները և վերահսկում դրանց կատարումը,
    • ինքնուրույն կայացնում է որոշումներ` օրենքի և սույն կանոնադրության սահմաններում,
    • արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը, տալիս լիազորագրեր,
    • ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրի՝ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
    • կնքում է գործարքներ, ստորագրում պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ,
    • ստանձնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ և կատարում օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
  • Նախագահի բացակայության ժամանակ նրա գործառույթները իրականացնում է Նախագահի կողմից լիազորված Խորհրդի այլ անդամ:

ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

  • Կազմակերպության անունից առանց լիազորագրի հանդես եկող անձը՝ գործադիր տնօրենն է:
  • Կազմակերպության Գործադիր Տնօրենը նշանակվում է Խորհրդի կողմից:
  • Գործադիր Տնօրենը.
    • Մշակում է և գործարկում վերահսկողության համակարգ, սահմանում է պարտականությունների բաշխում Կազմակերպության աշխատողների միջև, վերահկողություն է իրականացնում Կազմակերպության նյութական ռեսուրսների ձևավորման, բաշխման և օգտագործման շրջանակներում առաջացող գործընթացների նկատմամբ,
    • ուսումնասիրում և խորհրդատվություն է տրամադրում Կազմակերպության բյուջեի ձևավորման, ծախսի, կայունության և աճի գործընթացների վերաբերյալ,
    • դրամահավաքության միջոցով Կազմակերպության Ժողովի հաստատած տարեկան սահմանաչափի ակնկալիքների շրջանակներում քայլեր է ձեռնարկում, մշակում և իրականացնում է ծրագրեր, նպաստում է Կազմակերպության բյուջե գումարի մուտքի գործընթացների պատշաճ իրականացման ուղղությամբ,
    • ղեկավարում է Կազմակերպության ընթացիկ աշխատանքները,
    • բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ,
    • իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
    • որոշում է կայացնում նոր աշխատողներ ընդունելու և աշխատանքից հեռացնելու վերաբերյալ,
    • ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության՝ մեկ միլիոն դրամը չգերազանցող արժողությամբ գույքը, իսկ նշված արժեքը գերազանցելու դեպքում՝ վերոնշյալ գործողությունները կատարում է Ժողովի համաձայնության առկայության դեպքում,
    • իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարմանն ուղղված այլ գործառույթներ, բացառությամբ սույն կանոնադրությամբ սահմանված Ժողովին, Խորհրդին, և Կազմակերպության գործադիր մարմնին՝ Նախագահին վերապահված իրավասությունների: