Ապրիլի 12, 2018

Համագործակցություն Գիտահետազոտական Կառույցների հետ

ԱրմԴայվինգը համագործակցում է գիտական կազմակերպությունների հետ` Սևանա լճի վերաբերյալ տարբեր ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ Մեր գործընկերներն են Սևանի Ազգային պարկը, ՀՀ ԳԱԱ Երկարաբանության ինստիտուտը։

2017թ.-ի ամռանը “Գեոռիսկ” գիտահետազոտական կառույցի հետ եղավ համագործակցության առաջին փորձը, երբ հայ և ֆրանսիացի երկրաբաների հետ համատեղ՝ 30 մետր խորությունից վերցվեց տիղմի նմուշ։ Այնուհետև Արծվանիստ գյուղի մոտ միասին ֆիքսել ենք Սևանի հատակի մի կտրվածք /պրոֆիլ/: Հատակի մակերևույթի, որոշ չափով նաև ընդերքի կտրվածքը ֆիքսվում է «սոնար» (sonar) սարքի միջոցով, ինչի միջոցով ստացվում է Սևանի հատակի պատկերային սկանավորումը՝ ճշգրիտ խորություններով: Համագործակցությունից հետո ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտը սարքը տրամադրել է ակումբին՝ Սևանի հատակի կտրվածքները արդեն ինքնուրույն աշխատանքներով ֆիքսելու համար։ Այս միջոցառումներով ԱրմԴայվինգ ակումբը նպատակ դրեց սկսել Սևանի հատակի սկանավորման և եռաչափ մոդելավորման գործընթացը։

Հուլիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում մենք հասցրել ենք ֆիքսել Սևանի հատակի 9 երկար կտրվածք՝ Արևիկ, Ժայռ, Արտանիշ և այլ ափերի մերձակայքում։ Ստացված արդյունքները ևս տրամադրվել են Երկարաբանության ինստիտուտին՝ Սևանի հատակի երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար։

Սևանա լճի հատակի սկանավորման ծրագրի միտումը ոչ միայն Երկրաբանության ինստիտուտի հետազոտություններին օգնելը և հատակի մակերևույթը ֆիքսելն է, հատակի եռաչափ մոդել ստանալը, այլ նաև՝ սարքի միջոցով հատակի հնարավոր շեղումների /անոմալիաների/ միջոցով ստորջրյա նոր համատեքստի բացահայտումը:

Բացի այդ Սևանի ջրի հատակին հետախուզություններ են իրականացվում ԱրմԴայվինգ ակումբի անդամների կողմից՝ սուզումների միջոցով, որոնց արդյունքում մինչ այժմ բացահայտվել են խորտակված նավեր և այլ հետաքրքիր օբյեկտներ։