preloader
Amphipod - Underwater Sevan

Սևանա լիճը բնության հրաշք է երկնքի «հարևանությամբ», ամենագեղեցիկը բարձրլեռնային լճերից, տեղավորված հզոր լեռների արանքում, ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Ջուրը թափանցիկ է և մաքուր: Ըստ ավանդության Սևանա ջրից խմել են աստղերն ու աստվածները:

Լճի առաջացման առասպելները

Հայաստանի ամենատեսարժան և գեղեցիկ վայրերից մեկը համարվում է Սևանա լիճը և իր շրջակայքը: Առավել հավանական է, որ այդ լիճն առաջացել է մի քանի հազար տարի առաջ հրաբխային պրոցեսների արդյունքում, որոնք տեղի են ունեցել Գեղամա լեռների շրջակայքում: Ըստ ամենայնի` լիճն իր անունը ստացել է հնագույն Սև վանքի եկեղեցու համանունից, որը կառուցված է եղել 9-րդ դարում թերակղզու հյուսիս-արևմտյան մասում։ Անունը նշանակում է «սև եկեղեցի», քանի որ վանքը կառուցված է սև տուֆից: Կա տարբերակ առավել հին ծագման մասին՝ ուրարտացիների դարաշրջանում լիճը կոչվել է «Ցուինի», «Ցվինի», որտեղից էլ հեռու չէ Սևան անվանումը։ Ցուինի նշանակել է ջրհոր:

Սևանի ֆլորան

Սևանա լիճը հին ժամանակներից ուշագրավ է եղել իր ձկնատեսակներով: Այս տարածաշրջանի տնտեսության զարգացող առաջին ճյուղերից է եղել բնակչության կողմից սիրված ձկնորսությունը: Սակայն 20-րդ դարից սկսած լճի մակարդակի փոփոխությունների հետևանքով և վերջին տարիների ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դրդված անվերահսկելի որսի արդյունքում Սևանա լճի ձկնապաշարները կտրուկ կրճատվեցին:

Սևանա լճի կենդանական աշխարհը բաժանվում է 2 ենթատպի` ողնաշարավորներ և անողնաշարավորներ: Սևանա լճի ավազանում հաշվվում է մոտ 276 տեսակ ողնաշարավոր, որից 48 տեսակն ընդգրկված է Հայաստանի Կարմիր Գրքում, իսկ 3 տեսակը հանդիսանում են տարածաշրջանային էնդեմիկ: Սևանա լճի ավազանի անողնաշարավորները նույնպես բազմազան են` 150 տեսակ, որոնք ընդգրկված են տարբեր դասերի ու խմբերի մեջ:

Էնդեմիկ տեսակներն են՝

  • Սևանի իշխան
  • Սևանի կողակ
  • Սևանի բեղլու

Տեսադարան

Իշխան տեսակն ընդունված է բաժանել 4 էկոլոգիական ենթատեսակների` ձմեռային բախտակ, ամառային բախտակ գեղարքունի ու բոջակ: Ձմեռային բախտակ և բոջակ ձկնատեսակներն ամբողջովին վերացել են: Իշխանի գեղարքունին և ամառային բախտակ տեսակներն արհեստականորեն աճեցվում են Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնտեսություններում: Ամառային բախտակը և Սևանի գեղարքունին, ինչպես նաև Սևանի բեղլուն ընդգրկված են Հայաստանի Կարմիր Գրքում:

Սևանի սպիտակ ձուկը կամ սևանի սիգը հանդիսանում է Սևանա լճի էկոհամակարգ ներմուծված ձկնատեսակ: Դադիկյանի հետազոտությունների արդյունքում բացահայտված կառուցվածքային տարբերությունների հիման վրա 1986 թ ընդունվեց Սևանի սիգի հիբրիդային ծագման վարկածը, համաձայն որի Սևանի սիգն առաջարկվեց առանձնացնել որպես նոր ենթատեսակ:

Երկկենցաղների առատությունը բնորոշ է բոլոր ջրային համակարգերին: Սևանա լճի ավազանում բնակվում են երկկենցաղների 6 տեսակ, այդ թվում կանաչ դոդոշ, Շելկովնիկովի ծառագորտ, կարգին լճագորտ, փոքրասիական գորտ: